Ապրիլի 30-ին, ժամը 22.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթար ձևակերպելիս նկատել են դանակահարված քաղաքացու, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. պարեկները որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության են տեղափոխել 49-ամյա տղամարդու:
Ժամը 23.40-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով Արշակունյաց պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 46-ամյա տղամարդու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նոր Խարբերդ գյուղի 42-ամյա բնակիչը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել բուժօգնության տեղափոխված տղամարդկանց, որոնք եղբայրներ են:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու: Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 1-ին 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: