Երևանի քաղաքապետի փաշինյանական թեկնածու Տիգրան Ավինյանը հասկանում է, որ ինչպես իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ինքը ազատ տեղաշարժի խնդիր ունի: Նա չի կարող առանց հարյուրավոր ոստիկանների ազատ շրջել փողոցում, որովհետև նրան ևս անընդհատ հիշեցնելու են, որ ինքը դավաճան է, ինքը ևս երկիրը թշնամուն հանձնող իշխանության ներկայացուցիչ է:
Խնդիրը լուծելու համար Ավինյանը որոշել է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում ստեղծել սեփական ենթակայության տակ գտնվող ոստիկանական ծառայություն, որը նա անվանում է մունիցիպալ ոստիկանություն: Թերևս սա միակ նախընտրական ծրագիրն է, որ Ավինյանը անպայման կիրականացնի, եթե իհարկե նրան հաջողվի գրավել քաղաքապետի աշխատասենյակը:
Պետական Հ1 հեռուստաընկերությանը տված ծրագրային հարցազրույց-ելույթում, Ավինյանը խոսում է նաև իր ենթակայության տակ գործող մունիցիպալ ոստիկանության ստեղծման ծրագրի մասին: Խոսում է այնպես ի միջալյոց, կարծես խոսքը ոչ թե հերթական ոչինչ չստեղծող և հանրային հսկայական միջոցներ խժռող կառույցի մասին է, այլ առօրյա մի միջոցառման : «Քաղաքապետարանը ունի տարբեր վարչություններ, որոնք նմանատիպ գործառույթներ իրականացնում են, կարելի է ասել նույնիսկ ոստիկանական`վերահսկողական, պատժի և տույժի ենթարկելու, և կա այդ ամեն ինչը միասնական տրամաբանության մեջ ներառելու խնդիր: Աղբ թափելու հարցը` ով է տուգանելու, էկոոստիկանության տրամաբանությունը երբ շների հետևից տերերը չեն հավաքում, առևտրի հարց կա և այլն և այլն».այսպես փորձում է հիմնավորել Ավինյանը, ում կյանքի միակ իմաստն ու նպատակը մարդկանց տուգանելն է, տույժի ենթարկելը, մարդկանցից տարբեր պատճառներով փող պոկելը:
Լրագրողի հարցին թե այդ մունիցիպալ ոստիկանները քաղաքապետի՞ն են ենթարվելու, Ավինյանը շատ խրոխտ պատասխանում է.«Այդ ոստիկանները, այո, քաղաքապետին են ենթարկվելու»: Ստացվելու է, որ Ավինյանը ևս ունենալու է սեփական ոստիկանություն, այսպես կոչված սևհարյուրակների սեփական բանդաները, որ եթե ինչ-որ մեկի մտքով անցի Ավինյանին անվանել «դավաճան», նրան տեղում կալանավորեն, իսկ հետո հեռացնեն աշխատանքից: Չնայած եթե սեփական ոստիկանություն ունենա, ապա «քաղաքացիների հետ հանդիպում» բեմականացնելն էլ կդառնա ավելի կանխատեսելի: Մունիցիպալ ոստիկաններին կհանձնարարի քաղաքացիական հագուստ հագնել և գալ իր հետ հանդիպման, և նրանք էլ լինելով իր ենթականները՝ նրան ոչ դավաճան կանվանեն, ոչ հողատու, հանդիպումը կանցնի ջերմ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Հայաստանում բազմաթիվ ոստիկանական ծառայություններ կան, որոնք իրենց գործառույթներով կրկնում են մեկը մյուսին: Օրինակ, ինչո՞ւ պարեկը չի կարող արգելված վայրում աղբ թափողին տուգանել, ի՞նչն է դրան խոչընդոտում: Կամ ինչո՞ւ նույն պարեկային ոստիկանության աշխատակիցը չի կարող կատարել այն նույն գործը, ինչ պետք է անի մունիցիպալ ոստիկանության ծառայողը:
Փաշինյանկան իշխանությունը ընդգծված ձևով ուռճացնում է պետեկան կառավարման համակարգը, և դա արվում է շատ կոնկրետ նպատակով և գիտակցված: Չունենալով հանրային հենարան, մերժված լինելով շարքային քաղքացիների կողմից՝ այս իշխանության միակ հենարանաը մնացել են վարձկանները, մարդիկ ովքեր ոչինչ չստեղծելով, վարձատրվում են միայն իշխանությանը պաշտպանելու և իշխանավորների նկատմամբ լոյալություն դրսևորելու համար:
Պետական և համայնքային բյուջեի եկամուտների առյուծի բաժինը գնում է ոչ թե ճանապարհներ, տրանսպորտային հանգույցներ, մետրոպոլիտենի կայարաններ կառուցելու, այլ ավելի մեծ թվով մարդկանց վարձելու համար:
Վարձկանները շատ հարմար հանրային հենարան են. նրանք ըստ էության ամբողջ տարին ընտրակաշառք են ստանում, որը կոչվում է աշխատավարձ, բայց նրանց միակ աշխատանքը իշխանությանը պաշտպանելն ու վերարտադրության գործում օժանդակելն է:
Միայն թե Ավինյանն ու Փաշինյանը պետք է մի քիչ համաշխարհային պատմություն ուսումնասիրեն և հասկանան, որ ցանկացած վարձկան առաջինն է դավաճանում իր տիրոջն ու լքում մարտի դաշտը, որովհետև ցանկացած վարձկան ատում է իր տիրոջը և չունի որևէ մոտիվացիա նրան պաշտպանելու, բացի իր ամսեկանը:
Իսկ յուրաքանչյուր վարձկան համոզված է, որ ինքը անպայման պետք է լինելու նոր տերերին, որոնց պայմանները կարող են ավելի լավը լինել, քան գործողներինը: Այնպես որ, վարձկանների հույսին մնացած իշխանությունը շատ շուտով կորցնելու է այդ հենարանը ևս:
Armlife.am