Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ Կրակոցներ Երևանում․ մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի


Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 2-րդ բրիգադը։ 

Բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

 Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թովմասյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9մմ տ/չ կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

 Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել և կյանքից զրկել նրան։Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

 Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում սպանվածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Տեղի ունեցածից շոկի մեջ ենք ընկել։ Ում որ սպանել են, թաղում ճանաչում էին որպես երբևէ հավին քշա չանող մարդ։ Ու ո՞ր մի տականքի ձեռքն է գնացել սպանել, չգիտենք։

Երբևէ մեր մտքով չէր անցնի, որ այս օրերին հայը հայի վրա կկրակեր, ու կսպանվեր մի մարդու, ում կողմից երբևէ վատ արարք չենք տեսել։ Ուզում ենք հավատանք, որ ոստիկաններն ու քննիչները կհայտնաբերեն այդ մարդասպանին, ու մենք էլ կիմանանք, թե ով է Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը, որ կրկնում ենք՝ այս ծանր օրերին ձեռքը գնացել ու հայի է սպանել»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL