Search
Close this search box.

Բլինկենն Ալիևի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ինչպես նշված է Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Ալիևի հետ զրույցում Բլինկենն ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։

«Պետքարտուղար Բլինկենը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է խախաղության հասնել։ Նա նաև Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու կարևորությունը»: — ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինկեն-Ալիև հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցն ու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղակայումը։

Please enter a valid URL