Search
Close this search box.

Հին Շեն սնունդ ու դեղորայք չի մտել ավելի քան մեկ շաբաթ. Ադրբեջանի հանցավոր քայլերի հետևանքով Շուշիի շրջանի չորս գյուղ հումանիտար աղետի եզրին են. «Փաստինֆո»

Շուշիի շրջանի Հին Շենի բնակիչների աչքը ճամփի է․ սպասում են, թե երբ որևէ տեղից սնունդ ու դեղորայք կհասցնեն գյուղ։ Ապրիլի 23-ից ի վեր դեպի գյուղ ելումուտ չկա․ եթե 2022թ․ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի, այսպես կոչված, ցուցարարները Շուշի-Քարին Տակ հատվածում փակելով ճանապարհը՝ փաստացի կտրել էին Շուշիի չորս գյուղերն Արցախի մնացյալ հատվածից, ապա ապրիլ 23-ից Հակարիի կամրջի վրա լկտիաբար տեղադրելով անցակետ՝ ալիևյան վարչակազմը նշված չորս գյուղերի մեր հայրենակիցների համար փակել է նաև դեպի Գորիս տանող ճանապարհը։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը, ապրիլի 23-ի Ադրբեջանի այդ քայլից հետո գյուղ ոչ սնունդ է մտել, ոչ դեղորայք։

«Սնունդը սպառվելու վրա է, ոչ մեկը ոչ մի ձևով չի կարողանում մթերք հասցնել գյուղ։ Մի խանութ ունենք գյուղում, դրա հույսին էինք, էն էլ ապրանքն արդեն սպառվում է։ Սպասում ենք տեսնենք առաջիկա 1-2 օրվա ընթացքում կկարողանան խաղաղապահների միջոցով գոնե մթերք, դեղորայք բերել։ Դեղերի ցուցակը կազմել, ներկայացրել ենք Կառավարությանը։ Գոնե դեղերը կարողանան հասցնել․․․․ Մարդիկ առավելագույնը մի ամսվա կտրվածքով են դեղ առել, ամիսն էլ պրծավ։ Շաքարային դիաբետով արյան բարձր ճնշումով բազմաթիվ հիվանդներ ունենք․․․»,-մտահոգություն է հայտնում Հին Շենի գյուղապետը և հավելում՝ տարվա այնպիսի շրջան է, որ ձմեռվա համար մարդկանց պահեստավորած սննդամթերքն էլ է վերջացել։

Չնայած ծանր, օրեցօր ավելի ծանրացող վիճակին, Սարգսյանը հույսը չի կորցնում, որ ի վերջո այս մղձավանջի վերջը գալու է։ Ասում է՝ դիմանում ենք, ուրիշ տարբերակ չունենք, պիտի դիմանանք․․․

Please enter a valid URL