Մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ:
Նժույգ թափեր վարժությունում Գագիկ Խաչիկյանը, վաստակելով 14.733 միավոր, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նույն վարժությունում վաստակել է 14.566 միավոր ու գրավել է 3–րդ հորիզոնականը։
Հաղթող է ճանաչվել մարմնամարզիկ Կայ Չի Լին` 15.033 միավորով:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի եզրափակիչ են դուրս եկել նաև Արթուր Դավթյանը (օղակներ) ու Արթուր Ավետիսյանը (օղակներ)։
Արթուր Դավթյանը եզրափակիչում հանդես կգա նաև հենացատկ վարժությունում։
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: