Search
Close this search box.

Թալանել են Երևանի քննչական վարչության նախկին պետի ավտոմեքենան․ ԶԼՄ

Թալանել են Երևանի քննչական վարչության նախկին պետ Մհեր Վարդանյանի «Porsche» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Այդ օրը` ժամը 20:20-ի սահմաններում, Մհեր Վարդանյանը նկատել է, որ Երվանդ Քոչարի փողոցում գործող «SAS» սուպերմարկետի մոտ կայանված, իրեն պատկանող «Porsche» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացել են և գողություն կատարել այնտեղից:

Վարդանյանը ոստիկանություն է դիմել 1 օր անց և հայտնել, որ ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է իրեն պատկանող «Չեզեթ 75Բ նյու էդիշն» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով, 2 հատ անձնագիր, զենքի թույլտվության կտրոններ, բանկային քարտեր, զինգրքույկ և մոտ 6500 դոլար:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք` Մհեր Վարդանյանը Երևան քաղաքի քննչական վարչության պետ էր նշանակվել 2021 թվականի հոկտեմբերին, պաշտոնից ազատվել էր 2022 թվականի հոկտեմբերին։

Please enter a valid URL