Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերը` ասում են «ջան», ղազախները՝ «ժան»․ հայտնի երգիչ Դիմաշը պատմում է Հայաստանի հանդեպ սիրո և հայերենով երգելու մասին

Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում էլ երգիչ Դիմաշը խոսել է ղազախների ու հայերի նմանության, ծրագրերի ու անձնական կյանքի մասին։

Երգիչ, կոմպոզիտոր, գործիքավորող Դիմաշ Կուդայբերգենն անչափ սիրում է Հայաստանը, հայկական մշակույթն ու երաժշտական գործիքներն ու իր համար հարազատ «ջան»–ը։ Ճանաչված երգիչը, որն առաջին անգամ է եկել Երևան և վաղը հայ հանդիսատեսի համար մենահամերգով հանդես կգա, բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային։

«Ես սիրում եմ Հայաստանը իր մշակույթով, երաժշտական գործիքներով, ինչպիսիք են թառը, սազը, քանոնը, դուդուկը: Ես դուդուկի մեծ սիրահար եմ։ Իմ գործիքավորումների մեծ մասում հնչում է այդ գործիքը։ Ես շատ հպարտ եմ. լեգենդար Ջիվան Գասպարյանը նվագել է իմ երգերից մեկի` «Իմացիր» ստեղծագործության համար։ Ես շատ հազվադեպ եմ ֆիլմեր դիտում, բայց վերջերս տեսա հայկական «Երկրաշարժ» ֆիլմը, ողբերգություն, որին մարդիկ ստիպված էին դիմանալ. ուղղակի գլուխգործոց ֆիլմ է։ Հարազատ քույրս ամբողջ ֆիլմի ընթացքում լաց էր լինում»,- պատմեց Դիմաշը:

Հարցին, թե ինչ ընդհանրություններ ունեն ղազախներն ու հայերը, երգիչը նշեց իր համար հարազատ բառերից մեկը։

«Երբ մենք ձայն ենք տալիս մեր եղբորը, ընկերոջը կամ այլ հարազատ մարդու, նրա անվան կողքին ավելացնում ենք «ժան», որը թարգմանաբար նշանակում է հոգի։ Մենք ասում ենք «ժան», հայերն ասում են «ջան»»,- ասաց երգիչը։

Այս նմանության մասին երգիչն իմացել է Հայաստան գալուց առաջ։ Նրա խոսքով` ինչպես Հայաստանում այնպես էլ ասիական երկրներում առանձնահատուկ վերաբերմունք ու հարգանք կա ավագ սերնդի նկատմամբ։ Հայերը շատ են տեղ տալիս իրենց ծնողների խոսքին։ Երգիչը կարծում է, որ ծնողներին պետք է միշտ լսել, քանի որ նրանք առնվազն ավելի շատ կյանքի փորձ ունեն։

Նշենք, որ երգիչն ավելի քան 2 միլիարդ երկրպագուների բանակ ունի ամբողջ աշխարհում, բայց նրա սիրտն ազատ է։ Նա անձնական կյանքը փակ պահելու կողմնակից է, հետևաբար երբ հանդիպի իր սիրելիին, նրան հեռու կպահի հանրային կյանքից։
«Ես կամ, կա իմ աշխատանքը, իմ համերգները, հանդիսատեսին ավելին պետք չէ։ Ինչ–որ անձնական բան պետք է պահել»,- ասաց նա:
Հավելենք, որ Դիմաշ Կուդայբերգենը տիրապետում է 6-7 օկտավայի, 4 նոտայի և 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։
Նա երգում է ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։

Please enter a valid URL