Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Հայաստանը, որպես ագրեսոր, պետք է պատժվի միջազգային մակարդակով և պետք է փոխհատուցում վճարի»:
Ավելին՝ կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն հայտարարություններից զատ գործնական քայլերի է անցել, ենթադրաբար՝ «փոխհատուցման» գումարային չափն է որոշում:
Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ միջազգային ինչ-որ ատյանում «փոխհատուցման» հայց քննարկվի:
Հայաստանում հիմնականում լուռ են: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի գործողություններից ոչ ոք չի տուժել և փոխհատուցման պահանջ չկա:
Մեծ հաշվով, դա այդպես չէ:
Իհարկե, կան անձինք, որոնք փոխհատուցման պահանջ չունեն: Միգուցե վերջիններիս թիվը մեծ է, միգուցե նրանք բացարձակ մեծամասնություն են կազմում, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանն Ադրբեջանի գործողություններից չի տուժել:
Օրինակ՝ Արծվաշենը: Նախնական հաշվարկներով, 1992թ օգոստոսի 8-ի (Արծվաշենի հանձնման օր) դրությամբ Արծվաշենում մնացել էր 325 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք անշարժ և շարժական գույք, կոմունիկացիաներ, անասուններ, ցանքսեր և այլն: Կրկնում եմ՝ 1992թ օգոստոսի 8-ի դրությամբ: Ընդ որում, նախնական հաշվարկներում հաշվի չեն առնվել բազմաթիվ գործոններ: Եվ, դա միայն Արծվաշենի պարագայում:
Հարկ եմ համարում հիշեցնել, որ մեր երկրում կա իշխանություն՝ պաշտոնական Երևան, որն այնպես, ինչպես պաշտոնական Բաքուն, պարտավոր է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանից փոխհատուցման խնդիրը միջազգայնացնելու ուղղությամբ: Եվ, եթե պաշտոնական Երևանն անկարող է այդ ուղղությամբ քայլեր կատարել, ապա վերջինս այլևս Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի»: