Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։
«Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ մրսեցրել է ստամոքսը և փորի ցավ ուներ: Հարցազրույցն ընդհատումից հետո տևեց ընդամենը մի քանի րոպե, այն դեպքում, երբ նախատեսված էր, որ այն կտև մեկ ժամ:
Էրդողանի առողջական վիճակի մասին շատ հակասական տեղեկություններ են հայտնում անգամ պաշտոնական աղբյուրները։ Օրինակ՝ նրա մամլո խոսնակը հայտարարել է, որ նախագահը միանգամայն առողջ է, այն դեպքում, երբ նախագահի հենց մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ նա ստամոքսի գրիպ ունի, իսկ փոխնախագահ Ֆուաթ Օկթայն ասում է, որ նախագահի մոտ ընդամենը սովորական հարբուխ է, թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդ Մուստաֆա Սարիգյուլն էլ իր սեփական աղբյուրներից տեղեկություն ունի, որ նախագահը սրտի կաթված ունի և հոսպիտալացվել է: Մամուլի որոշ տեղեկություններով էլ նրան այդ օրը հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով և բժշկական կենտրոն են կանչել դուստրերին ու ընտանիքի մյուս անդամներին, սակայն պաշտոնական աղբյուրները, բնականաբար, այս տեղեկությունը չեն հաստատում:
Հայտնի չէ, թե հիմա որտեղ է Էրդողանը, թեև պաշտոնական վարկածով, նա այս ամբողջ օրն անցկացրել է իր աշխատասենյակում, բայց ըստ որոշ տեղեկությունների, Էրդողանը մինչև մայիսի 3-ը չեղարկել է իր բոլոր հանդիպումները, իսկ նախընտրական բոլոր միջոցառումներում նրան փոխարինելու է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օկթայը: Էրդողանը նաև չեղարկել է հարցազրույցը, որը այսօր պետք է տար թուրքական 4 հեռուստաալիքներին: Մամլո ծառայության պնդմամբ, Էրդողանն այսօր մասնակցել է երկու հանդիպման, բայց երկուսն էլ ոչ դեմ առ դեմ, այլ՝ մեկը տեսակապի միջոցով, մյուսը՝ հեռախոսային կապի:
Այսինքն՝ նա տեսակապի միջոցով մասնակցել է «Աքքույու» ատոմակայանի լիցքավորման արարողությանը և մամլո ծառայությունը որպես հաստատումն այն բանի, որ նա մասնակցել է այդ տեսակապին, ներկայացնում է մի տեսահոլովակ, բայց լուրջ կասկածներ կան առ այն, որ արդյո՞ք այն կեղծ չէ։ Բանն այն է, որ այդ տեսահոլովակը տևում է ընդամենը 4 վայրկյան և այնտեղ ընդամենը երևում է, թե ինչպես է Էրդողանը ձեռքով ողջունում իր զրուցակցին, իսկ այդ նույն տեսագրությունը կարող էր արված լինել նաև շաբաթներ, ամիսներ և տարիներ առաջ: Եվ նաև տարածվում է լուսանկար, որն իբր արված է հենց այն պահին, երբ Էրդողանը հեռախոսով խոսում է Վլադիմիր Պուտինի հետ: Նույն բանը կարող եմ ասել՝ այդ լուսանկարը որևէ կերպ չի ապացուցում, որ այն արված է եղել հենց այսօր»,- ասել է Արտյոմ Երկանայնը: