Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացն ընթանում է, եւ այն անհրաժեշտ է։ Այս մասին ապրիլի 28-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քատրին Քոլոննան։
Պատասխանելով հարցին, թե կարելի է արդյոք խոսել իրական խաղաղ բանակցությունների, այլ ոչ թե դրանց իմիտացիայի մասին այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, նախարարը կրկնել է, որ դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա հասնել խաղաղության:
Ուստի նախարարը կրկին կոչ է արել կողմերին հետեւել այդ ուղուն, աստիճանաբար հասնել վստահության, կամք դրսեւորել արդյունքի հասնելու համար: Մենք պատրաստ ենք օգնել գործընթացին, հավաստիացրել է Քոլոննան, որից հետո կրկնել է Բաքվում ասվածը՝ «խաղաղության ճանապարհը ենթադրում է վճռականություն, համարձակություն, ինչպես նաեւ այն, որ կողմերը կիսում են նպատակի տեսլականը»։