Search
Close this search box.

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահին անցյալ տարվա նոյեմբերին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, երախտագիտություն է հայտնել Դոմինիկ դը Բյումանին հայ-շվեյցարական կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած հետևողական ջանքերի համար: Նախարար Նալբանդյանը խորհրդանշական  է համարել, որ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ Արա Բաբլոյանը և Դոմինիկ դը Բյումանը ընտրվել են Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանների նախագահներ։

Դոմինիկ դը Բյումանը նշել է, որ սա արդեն իր հինգերորդ այցելությունն է Հայաստան, ու հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը։ Նա հավելել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունն է կատարում Հայաստան, վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունները խորացնելու և առավել ընդլայնելու հետաքրքրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը և Դոմինիկ դը Բյուման գոհունակությամբ նշել են, որ միջխորհրդարանական ձևաչափում երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ փոխգործակցություն՝ կարևորելով երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում Դոմինիկ դը Բյուման հաջողություն է մաղթել գագաթաժողովի կազմակերպման և անցկացման հարցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Please enter a valid URL