ԱԽ քարտուղարի, ԳՇ պետի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակությունը Ջերմուկում էր. ԳՇ պետը մանրամասն ներկայացնում էր թշնամու առաջխաղացման ճակատը, խորությունը, մխրճման հատվածները, տարածքային կորուստները, ցույց տալիս, թե որտեղ են եղել մինչև 2022-ի սեպտեմբերյան հարձակումը, ապա հետո որտեղ են դիրքավորվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:
Նպատակս պնդելը չէ, թե դրանով անվտանգության կանոններ են խախտվել, այլ այն, որ եթե այդպիսի կադրեր իր այցի շրջանակներում հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ քաղաքացի` ընդդիմադիր գործիչ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ պարզապես տարածքի բնակիչ, ապա իշխանությունը նախ նրան 5-րդ շարասյուն կորակեր, ապա մեր երկրի վերջին 5 տարվա բոլոր ողբերգությունների պատասխանատու կհռչակեր, դեռ չեմ խոսում իրավապահներին իջեցվող քաղաքական հանձնարարությունների մասին»։