«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին՝ նաև որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, և ՀՀ վարչապետին ուղղված պահանջագրում նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը կոպտորեն խախտել է հայտարարության մի շարք դրույթներ՝ սպանելով Արցախի Հանրապետության բնակիչներին, բռնազավթելով նոր տարածքներ, կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող խաղաղ բնակիչների վրա, 2022թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախը, իսկ ապրիլի 23-ին հսկիչ անցակետ դնելով Բերձորի (Լաչինի) միջանցքում՝ ամբողջությամբ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:
Պահանջագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի ողջ բնակչությունը պահանջում է ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից, հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում, միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում, գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:
Պահանջագրի համաձայն, եթե դրա հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում, հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, Արցախի բնակչությունը ստիպված է լինելու դիմել անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար:
Պահանջագրի նախաձեռնողներն այսօրվանից նաև ստորագրահավաք են կազմակերպելու Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, ինչպես նաև Արցախի մյուս բնակավայրերում:
Պահանջագրին հնարավոր է ծանոթանալ և այն ստորագրել change.org-ում կայքում: