Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղը կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն. Փաշինյանը նշեց ճանապարհը

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների ու վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ։

Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, եւ որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն», — նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանից ու միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու ու համապարփակ կարգավորման հասնելու համար։

«Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ՝ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն ու սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում։ Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել», — ընդգծեց վարչապետը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։

Please enter a valid URL