Search
Close this search box.

Թուրքիայի նախագահի աշխատակազմը` Էրդողանի սրտի կաթվածի լուրերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է երկրի ղեկավարի մոտ սրտի կաթվածի մասին լուրերը, գրում է «ՌԻԱ նովոստին»:

«Սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե նախագահ Էրդողանը իբր սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ։

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, ում խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը, նախագահի առողջական վիճակը լավ է, նա թեթեւ մրսածություն է ունեցել։

Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Էրքան Քանդեմիրն այսօր տեսահոլովակով հաստատել է, որ Էրդողանը հինգշաբթի օրը մասնակցելու է Աքքույու ատոմակայանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բացի այդ, վաղը նախատեսված հանրահավաքը հետաձգվել է։

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը բժիշկների խորհրդով բաց է թողել նախընտրական մի քանի միջոցառումներ։ Նախօրեին նա հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին ուղիղ եթերում, սակայն եթերն անակնկալ դադարեցվել է, քանի որ նախագահը վատացել է։ Երկար դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր ու ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով։ Պետության ղեկավարը խոստացել է հինգշաբթի օրը վերսկսել մասնակցությունը նախընտրական արշավին։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանը «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածուն է, որի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը:

Please enter a valid URL