Հադրութը Թուրքի ձեռքն էր, ինչո՞ւ էդ 72 հոգուն ուղարկեցին Հադրութ, մեղադրում եմ, դատի եմ տվել, բայց ոչ մի պատասխան: Եթե հաշվենք Ֆիզուլիում ծառայությունը իրանց ոնց ա եղել, թուրքերը, որ մասում են եղել, ինչ հրաման են տվել, մեղադրում եմ, բա ինչ եմ անում»:
Վեներան փոքր որդու հետ հայրենի Քյուրաթաղում էր մնացել պատերազմի օրերին, որպեսզի ամուսնուն ու որդիներին մոտ լինի, հետո արդեն գյուղն էլ թեժ առաջնագիծ էր դարձել, ստիպված էին հեռանալ:
Ասում է՝ որքան գյուղից «հեռանում էի, այնքան թուլացնում էի ամուսնուս ու որդիներիս թիկունքը՝ թեպետ նրանցից միայն հուսադրող խոսքեր է լսել ու հորդորներ, թե գնացեք Երևան ու զգուշացեք քովիդից»:
Երեք տղամարդկանց մահվան բոթերը հերթով լսել են հայաստանյան տարբեր հասցեներում, ընտանիքն այստեղ 4 տուն է փոխել։ Եռաբլուրն այստեղ է, Արցախում ապրելու մասին ընտանիքում մտածող չկա, բայց Վեներան ասում է՝ կցանկանար անցնել սիրելիների անցած ճանապարհներով. «Չեմ պատկերացնում, որ գնամ Ղարաբաղ հիմնական ապրեմ, բայց եթե մեր հողերը մեզ տան, ես մտածում եմ՝ ախր մեր էրեխեքը ընդեղ են մեծացել, գոնե իրանց քայլած տեղերը ես էլ քայլեմ»:
Քյուրաթաղի տնից վերջին պահին միայն լուսանկարների ալբոմն է վերցրել. բոլոր լուսանկարներում քայլ-քայլ հասակ են առնում Դավիթն ու Վազգենը՝ կենսուրախ հայրիկի թևի տակ: Ավագ որդուն հենց մահվան ամսում պետք է նշանեին:
Արցախի կառավարությունը ընտանիքին տուն է խոստացել, սպասում են, հստակություն չկա։ Զոհվածների համար նախատեսված դրամական փոխհատուցում 3 զոհ ունեցող այս ընտանիքը դեռևս չի ստացել. «Ներկա պահին պետությունից ոչ մի բան, ինչ պետություն ասես, մեր տեղն էլ չգիտի»:
Վեներան ընդամենը 42 տարեկան է, ուզում է, որ իրեն մնացած երկու երեխաները՝ Լիլիթն ու Մհերը, լավ սովորեն, հաջողեն, հասնեն իրենց նպատակներին, իսկ ինքը մտքերն ու կյանքը դասավորելու ուժ դեռևս չունի. «Նայում եմ դուրս, ասում եմ, արդեն լուսացել ա, մթնել ա, ասում եմ՝ արդեն մթնել ա»:
azatutyun.am