Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը նամակով դիմել է Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլսթյոմին՝ առաջարկելով ջանքեր գործադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար, քանի որ «Հայաստանն այժմ ավելի ու ավելի է ուղղվում դեպի Արևմուտք»։
Պատգամավորի՝ նախարարին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը դեռևս չունի առանց վիզայի մուտք դեպի ԵՄ։ Դիվանագիտական անձնագրեր ունեցողները օգտվում են այդպիսի հնարավորությունից՝ ըստ առանց վիզայի կարճատև կեցության համար ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի: Հայաստանն այժմ ավելի ու ավելի է ուղղվում դեպի Արևմուտք, դա կնշանակի առանց վիզայի ռեժիմի մեծ օգուտներ երկրին, ինչպես նաև երկիրը կկապի թե՛ ԵՄ-ի, թե՛ Եվրոպայի հետ:
2020 թվականի պատերազմից հետո նրանք ցանկանում են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը նախկինում երկրի անվտանգության երաշխավորն էր։ Ներկայումս մեծ հնարավորություններ կան Հայաստանը Եվրոպայի հետ կապելու և երկիրն ընդունելու եվրոպական ընտանիք, որին նա պատկանում է։
Որպես այս ուղղությամբ քայլ՝ 2021 թվականից ԵՄ-ը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) համապարփակ գործընկերություն ունի Հայաստանի հետ, և Հայաստանը, ինչպես Վրաստանը, ներառված է Արևելյան գործընկերության մեջ։ Հաջորդ քայլը լինելու է առանց վիզայի ռեժիմի ներդրումը։
Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ղեկավարությունն ասում է, որ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի չչարաշահվի նման ռեժիմը։ Նախարարը կարո՞ղ է քննարկել Հայաստանից ԵՄ առանց վիզայի մուտք գործելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը»։