Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի գրիպի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է այն պահին, երբ լրագրողը սկսել է հարցնել կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։
«Առաջին հերթին առողջություն եմ մաղթում, երեկ և այսօր քարոզարշավը շատ էր, հետևաբար, ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք և եկանք, ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,- ասել է Էրդողանը՝ դադարից հետո վերադառնալով ուղիղ եթեր։
Երկու կարճ հարցերից հետո վարողն ասել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի «պարոն նախագահը հանգստանա»։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը կարգին է, ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մեր նախագահը, փառք Աստծո, առողջ է»,- գրել է Քալընը Թվիթերում։