Search
Close this search box.

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ: Այս մասին ավանդական բրիֆինգի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Հարավային Կովկասում այս հարցը մի բան է, որն ինքը՝ պետքարտուղարը, խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս։ Եվ ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։ Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- ասել է Պատելը:

Հարցին` արդյոք ԱՄՆ ներկայացուցիչները տեղում բանակցությունների ընթացքում չէին տեսնում, որ նման գործողություն էր նախապատրաստվում, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մամրամասների մեջ խորանալ:

Please enter a valid URL