Հեղուկ գազի գինը օրեցօր թանկանում է։ Որոշ գազալցակայաններում հեղուկ գազի գինը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 110-130 դրամից հասել է 180-200 դրամի։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ հեղուկ գազի խնդիր միշտ առկա է, քանի որ քիչ քանակով է բերվում Իրանից, որոշ մաս էլ՝ Ռուսաստանից։
Մասնագետի խոսքով՝ հեղուկ գազի թանկացումը երկու գործով կարող է պայմանավորված լինել։ Առաջինը լոգիստիկ խնդիրներն են՝ թույլտվություններ, ուշացումներ, հատկապես Վերին Լարսի անցակետում դժվարություններ, իսկ երկրորդ խնդիրը քանակի հետ է կապված։
«Քանակը պակասելու հետ կարող է որոշակի դեֆիցիտ առաջանալ, որն էլ իր հերթին կբերի թանկացման, հետո նորից կկարգավորվի։ Այսինքն, Հայաստան շատ քանակով հեղուկ գազ չի բերվում, կանոնավոր չի ներմուծվում, և այս պահին, հնարավոր է, պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկ»,- պարզաբանեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Վերին Լարսի անցակետում տեղափոխման հետ կապված որոշ խոչընդոտների պատճառով առաջացած ուշացումները ևս պատճառ են հանդիսանում հեղուկ գազի թանկացման համար։