Search
Close this search box.

Խուլիգանության համար դատապարտվածը ՔՊ-ի աջակցությամբ Փարաքարի համայնքապետ դարձավ և այսօր նա կրկին խուլիգանական արարքներ է արել

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը եւ ընկերները ալկոհոլի ազդեցության տակ են երեկ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում կատարել խուլիգանական արարքներ: Ակումբում գտնվող այլ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու տվյալներ իրավապահներին հայտնի չեն: Մեր տեղեկություններով, Մինասյանը ձեռքի բաժակն է նետել պատերին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն): Դեպքի վայրի զննություն է կատարվել, վերցրել են տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, մի շարք անձինք են հարցաքննվել, փորձաքննություններ են նշանակվել:

Այս պահին անհետաձգելի քննչական վարութային գործողություններ են իրականացվում, ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Այս վարույթի շրջանակում կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան: Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցած թեժ կռվի, խուլիգանության մասին Թաիրովի գյուղապետ Արտեմ Վիրաբյանը տեղեկություններ չուներ:

Նա մեզ հետ զրույցում ասաց՝ բացառվում է՝ Դավիթ Մինասյանը ալկոհոլի ազդեցության տակ եղած լինի. «Ալկոհոլ բացառվում է, մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ երեկ ոչ աշխատանքային օր է եղել, չեմ հանդիպել հետը, բայց վստահեցնում եմ՝ լուրերը չափազանցված են»:

Հիշեցնենք, որ համայնքապետ Մինասյանն առաջին անգամ չէ, որ խուլիգանությամբ աչքի է ընկնում ու հայտնվում իրավապահների ուշադրության ներքո: «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ դեռ 2009-ին նա «Սկառլետ» կարաոկե բարում վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի և ընկերների հետ, և իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գևորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Մինասյանը 2009-ին դատարանի որոշմամբ՝ դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

shamshyan.com Հիշեցնենք նաեւ, որ անցած տարի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում Փարաքարում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմեցին կոալիցիա և ներկայացրին իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին։

Խուլիգանության համար դատապարտված թեկնածուն՝ Մինասյանը փաստորեն ՔՊ-ի աջակցությամբ համայնքապետ դարձավ: Մեզ դեռեւս չի հաջողվել Դավիթ Մինասյանի հետ կապվել, նա շարունակում է անջատել հեռախոսը:

Please enter a valid URL