Արեւմուտքը կարող է շատ ուշ արթնանալ, երբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտություն սկսվի, իսկ ես կանխատեսում եմ, որ այդ հակամարտությունը կլինի։ Այս մասին ապրիլի 25-ին կայացած քննարկման ժամանակ ասել է Քարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նրա գնահատմամբ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը զսպում է իրավիճակը, սակայն 2025 թվականը շրջադարձային է լինելու, հայտնի չէ, թե ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունը: «Արեւմուտքը խաղացող է այն հարցերում, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանին եւ տնտեսական հարցերին, բայց ղարաբաղյան հարցում արեւմտյան խաղացողները գրեթե ոչ մի լծակ չունեն։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային։ Արեւմուտքի համար հիմա ամենակարեւորը Ուկրաինայի գոյատեւումն է»,-հավելել է փորձագետը։
Նա ցավով նշել է, որ քչերն են ուշադրություն դարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական ձեւաչափն էլ արդեն կես տարի է՝ չի գործում։
Թոմաս դե Վաալը փաստել է, որ իրավիճակը վերջին ամիսներին վատթարանում է։ Անցակետի տեղակայումը նա որակում է որպես եւս մեկ քայլ դեպի նոր հակամարտություն, իսկ մինչ այդ Ադրբեջանը կիրառում է Ղարաբաղը խեղդելու մարտավարություն եւ փաստացի հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:
«Ադրբեջանը մարտահրավեր է նետել առաջին հերթին Ռուսաստանին։ Մենք գիտենք, որ միջազգային հիմնական խաղացողը Ռուսաստանն է։ Նա միակ խաղացողն է, որը կարող է ֆիզիկապես ինչ-որ բան անել: Ինձ համար գլխավոր հանելուկն այս դեպքում Ռուսաստանի անգործությունն է։ Ինչո՞ւ է Ռուսաստանն այս իրավիճակում այդքան անգործ: Նման քայլերը հանգեցնում են ռուսական խաղաղապահ առաքելության նշանակության կորստի։ Ինչի՞ համար է նման առաքելությունը, երբ չկա ազատ կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Ինձ համար դա գլխավոր հարցն է, որի պատասխանը չունեմ»,-ընդգծել է փորձագետը։
Ալիեւի շտապողականությունը նա բացատրել է Թուրքիայում կայանալիք ընտրություններով։
Թոմաս դե Վաալը չի բացառել Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի պարտությունն ընտրություններում, ինչը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների նոր փուլ կառաջացնի:
«Հնարավոր է, որ Թուրքիան դադարի լինել Ադրբեջանի այդքան միանշանակ դաշնակիցը։ Անկարան կարող է Հարավային Կովկասում սեփական օրակարգ ունենալ, եւ Թուրքիան կարող է սկսել Ադրբեջանին դիտարկել ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես կրտսեր եղբայր»,-եզրափակել է նա։