Ադրբեջանը իր գործողությունները նախապես պլանավորված է իրականացնում եւ ես տեսնում եմ, որ մի գործողություն անելուց հետո, անցնում է մյուս գործոության, նաեւ տեղեկատվական ֆոն են ապահովում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Կարող ենք նկատել նաեւ, որ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններում հստակ նաեւ սիմվոլիզմի տարրեր կան, եւ նրանք իրնեց տարբեր գործողություններ իրականացնում են մեզ համար կարեւոր ամսաթվերին, մեզ համար կարեւոր օրերից առաջ կամ հենց այդ օրերին եւ այս առումով կարող ենք չբացառել, որ հենց միտումնավոր էր ընտրված ապրիլի 23-ը՝ մեզ համար այս կարեւոր օրվանից առաջ»,- նշեց նա:
Ստեփանյանի համոզմամբ՝ հիմնական քննարկումները ընթանում են ռուսական կողմի եւ Ադրբեջանի միջեւ. «Որովհետեւ ի վերջո եռակողմ արձանագրության մեջ հստակ ամրագրված է, որ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերհսկողության ներքո եւ Ադրբեջանի այս քայլն ուղիղ խախտում է միջանցքի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կարգավիճակը եւ ըստ այդմ էլ պատասխան գործողությունը, կամ պատասպխան քայլը պետք է հետեւի ռուսական կողմից: Այսօր տեսանք նաեւ, որ ՌԴ արտգործնախարարության կողմից եղավ հայտարարություն այս առիթով, բայց իմ կարծիքով, եթե այլ դերակատարների, օրինակ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից մտահոգության արտահայտումը ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, որովհետեւ նրանք ներկայացված չեն տեղում, չունեն համապատասխան մեխանիզմներ գործարկելու, ապա Ռուսաստանի դեպքում բավարարվել միայն մտահոգություն արտահայտելով այնքան էլ ճիշտ չէ, եւ կարծում եմ՝ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության հեղինակությունն ու արդյունավետությունը ապահովելու համար կոնկրետ գործողությունենրի կդիմի վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի այս կոպիտ խախտումը: Այլապես կստացվի, որ Ադրբեջանը ամեն անգամ կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարության այս կամ այն դրույթը, օրինակները շատ են՝ սկսած Խծաբերդի, Հին Թաղերի, Քարագլխի դեպքերից եւ վերջացրած այս շրջափակմամբ եւ անցակետի տեղակայմամբ»:
Ստեփանյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին ավելի հստակություն կլինիի այս հարցում եւ իրենց ակնկալինքն այն է, որ ՌԴ-ն որպես եռակողմ հայտարարությանն երաշխավոր հստակ գործողություններ կգնա Ադրբեջանին սանձելու համար:
«Պարզ է այն, որ ունենք իրավիճակ, որտեղ թե միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը հստակ գործողություններ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք եւ փոխադարձ պառակտվածության փոխարեն փորձենք մեր ձայնը բոլոր դերակատարներին հասանելի դարձնենք, պահանջել բոլոր դերակատարներից իրենց աջակցությունը տրամադրել հայ ժողովրդին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Հայաստան-Արցախ այլընտրաքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը, ապա պաշտոնապես հայտարարել էր անցակետի տեղադրման մասին: