Search
Close this search box.

«Հնարավոր նոր ողբերգության շեմին». Սամվել Կարապետյանը հայությանը համախմբման կոչ է արել

«Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ արցախահայությունը տեռորի է ենթարկվում Ադրբեջանի կողմից և նոր ողբերգությունը կանխելու համար շտապ անհրաժեշտ է միավորել բոլոր ջանքերը ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: «Սարսափելի խորհրդանշական է, որ հենց այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։

Ավելի քան երեք ամիս արցախահայությունը շրջափակված է և ենթարկվում է համակարգված ահաբեկչության Ադրբեջանի կողմից, որը բացահայտորեն խախտում է բոլոր պայմանավորվածություններն ու կարմիր գծերը՝ վտանգի ենթարկելով տարածաշրջանի 120 000 խաղաղ բնակիչների կյանքը: Ողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը վարում է հայ ժողովրդին կեղեքելու և էթնիկ ատելության քաղաքականություն», — ասված է Կարապետյանի հայտարարության մեջ՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

Նա ընդգծել է, որ որպես Հայաստանի քաղաքացի շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և շարունակելու է գործադրել բոլոր ուժերը երկրի կայուն և անվտանգ ապագան ապահովելու համար: «Նախ, մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե այս տարիների ընթացքում ինչն է սխալ արվել, ինչը մեր երկիրն այսօր հասցրել է էքզիստենցիալ ճգնաժամի վիճակի։

Գիտակցեք և հաշվի առեք ձեր սխալները, այլ ոչ թե գնացեք մեղադրանքների և քննադատության ճանապարհով: Մենք առաջին հերթին ինքներս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ այսօր տեղի է ունենում մեր հայրենիքի սահմաններում», – ասել է նա։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր միակ նպատակը բարգավաճ Հայաստանն է, իսկ դա հնարավոր չէ առանց համընդհանուր համախմբման: «Այսօրվա պառակտչական հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Այդ իսկ պատճառով հենց հիմա կարևոր է միավորել բոլոր ջանքերը մեր երկրի պատմության մեջ նոր սև էջերի ի հայտ գալը կանխելու համար», — ընդգծել է նա։

Please enter a valid URL