Իմ ունեցած տեղեկություններով՝ Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Հիմա ռուս խաղաղապահները տեղում են, աշխատում են այդ ուղղությամբ, առայժմ արդյունք չկա: Այժմ չգիտենք, թե ինչպես է կազմակերպվելու երթեւեկությունը, եթե Ադրբեջանը վերահսկողություն ունենա ճանապարհի նկատմամբ»,- ընդգծեց Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից նման քայլն անսպասելի չէր. «Նրանք առաջին փուլում տեղեկատվական ֆոն ստեղծեցին. դեկտեմբերին «էկոակցիան» սկսելուն պես տեսան, որ ճնշում չկա, եւ օրեցօր շատացրին իրենց պահանջները, վերջին փուլում էլ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում միայն գեներացվում էր այն միտքը, որ Լաչինի միջանցքում պետք է տեղադրվի անցակետ»:
Արցախի պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի կողմից կամրջի փակումը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. «Հայտարարության 6-րդ կետով սահմանված է, թե Լաչինի միջանցքն ինչպիսի չափանիշներ պետք է ունենա, եւ, որ պետք է լինի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»:
Արամ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է նաեւ արցահայությանը տրամադրել ռուս խաղաղապահների դեմ. «Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե տեղադրել է անցակետը, նաեւ հայտարարել է, որ այդ անցակետը տեղադրելու լուրը փոխանցել է ռուս խաղաղապահներին եւ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին: Այդ հայտարարությամբ Ադրբեջանը փորձել է տրամադրություններ ձեւավորել ռուս խաղաղապահների դեմ, իբրեւ պրոցեսը համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ: Ռուսական կողմը հայտարարեց, որ որեւէ համաձայնեցում չկա»:
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, կրկին կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը: