Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղի հայերն այսօր էլ կանգնած են բնաջնջման վտանգի առաջ․ Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն այսօր էլ կանգնած են բնաջնջման վտանգի առաջ, եւ անհրաժեշտ է միավորել ջանքերը՝ նոր ողբերգությունը կանխելու համար։

Քաղաքական գործչի խոսքով՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց ԼՂ ինքնորոշմանն աջակցելուց եւ այնտեղ դարեր շարունակ բնակվող հայրենակիցների ճակատագրի նկատմամբ հետաքրքրվելուց հրաժարվելու մասին։ Դրանից անմիջապես հետո Բաքուն նոր վերջնագիր ներկայացրեց․ կամ Լեռնային Ղարաբաղի հայերն ընդունում են Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ պետք է հեռանան՝ թողնելով այդ հողը։

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նոր վտանգավոր շրջադարձի կապակցությամբ «Լազարյան ակումբը» հայտարարում է իր բողոքը Ղարաբաղի ժողովրդին ազատության եւ ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ։

Հայտարարության հեղինակները Հայաստանի գործող իշխանությանը մեղադրում են ազգային դավաճանության մեջ, որն ուղեկցվում է մշտական ​​մեղադրանքներով կամ երկրի նախկին ղեկավարների, կամ Ռուսաստանի հասցեին, ինչպես նաեւ պատմական թշնամիներին հաճոյանալով։

Նաեւ, ըստ հայտարարության, Հայաստանի ղեկավարությունը, իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները ընդունելուց հրաժարվելու ֆոնին, խոսում է ՆԱՏՕ-ի մանեւրներին մասնակցելու մասին։ Վերոնշյալի կապակցությամբ «Լազարյան ակումբը», որը համախմբել է տարբեր ազգությունների եւ մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք անտարբեր չեն Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների ճակատագրի նկատմամբ, դիմում է Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերին միասնության կոչով՝ հանուն հայ ազգի փրկության եւ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության։

Please enter a valid URL