Search
Close this search box.

Սարգսյանը լրջացնում է խաղը

Չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի կարգավիճակով Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքընին: Արմեն Սարգսյանը Լոնդոնում էր Սփյուռքի հայկական շրջանակների հետ հանդիպման համար սկսած շրջագայության երթուղու բերումով: Նախօրեին նա հանդիպել էր Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչներին: Փաստորեն, Սարգսյանը չի սահմանափակվում միայն Սփյուռքի շրջանակով:
Ալան Դանքընի հետ հանդիպումը ուշագրավ է դառնում այն իրողության ֆոնին, որ նա 2017 թվականի սեպտեմբերի վերջին այցելել էր Հայաստան:
Հայաստանում նա արել էր մի քանի ուշագրավ հայտարարություն: Մասնավորապես, Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյան ի պատասխան հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցի ասել էր, որ ՄԹ-ն առաջիններից մեկն է դատապարտել վայրագություններն ու ջարդերը, որ եղել են 100 տարի առաջ: Միեւնույն ժամանակ, Դանքընը հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիան ողջունում է անցումը խորհրդարանական կառավարման մոդելի եւ վստահ է, որ մի քանի տարի անց Հայաստանը Մեծ Բրիտանիային կասի, թե ինչպես ավելի ժողովրդավար լինել, ոչ թե հակառակը:
«Բերել եմ նաև մի ուղերձ, Միացյալ Թագավորությունը հեռանալու է Եվրամիությունից, սակայն ոչ՝ Եվրոպայից, ոչ էլ աշխարհից: Մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջոցով ու հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության և առևտրի հարցերով», 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւանում հայտարարել էր Միացյալ Թագավորության բարձրաստիճան դիվանագետը:
Նրա երեւանյան այցի եւ հայտարարությունների ֆոնին Արմեն Սարգսյանի հանդիպումը Դանքընի հետ դառնում է առավել ուշագրավ: Սարգսյանը հավակնում է դառնալ խորհրդարանական կառավարման մոդելում պետության գլուխը, որը սակայն չունի իշխանության գործադիր ծանրակշիռ լծակներ: Միեւնույն ժամանակ, Արմեն Սարգսյանն անկասկած այն կալիբրը չէ, որը համաձայնի Հայաստանում լինել զուտ ներկայացուցչական ֆիգուր: Իսկ այստեղ նրա լծակները դառնում են արդեն դե ֆակտո կապերը միջազգային ասպարեզում թե քաղաքական, թե տնտեսական իմաստով: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Սարգսյանը հանդիպում է Դանքընի հետ, քննարկելով ամենատարբեր հարցեր, ընդհուպ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ հանգամանքն էլ հետաքրքիր է այն հարցադրման ֆոնին, որ կա Սերժ Սարգսյանի հետնախագահական կարգավիճակի հետ կապված՝ եթե նա չի գնում վարչապետ, ապա ո՞վ է այն գործիչը, որը կստանձնի Ալիեւի հետ բանակցողի դերը:
Մյուս կողմից, անշուշտ առկա է նաեւ հարցը, թե Սարգսյանն իր միջազգային տնտեսա-քաղաքական, դիվանագիտական կապերը ծառայեցնելու է Հայաստանում ի՞ր իշխանության համար, թե՞ Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակելու համար: Որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ, ապա Արմեն Սարգսյանը մնում է նրա ստվերում, դե ֆակտո ենթակայության տակ: Ավելին, եթե Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ, ապա հազիվ թե մի քանի տարի անց Հայաստանը ավելի արդյունավետ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ պատմելու բան ունենա Միացյալ Թագավորությանը, ինչպես ամիսներ առաջ Երեւանում «կանխատեսել» էր Ալան Դանքընը՝ Թագավորության անունից ողջունելով խորհրդարանական կառավարման մոդելի անցումը:
Լոնդոնն իր պառլամենտարիզմի ահռելի փորձով անկասկած լավ է պատկերացնում, որ Հայաստանում պառլամենտարիզմի գեներացիան գործնականում կարգելակվի, եթե վարչապետ մնա Սերժ Սարգսյանը, հետեւաբար Հայաստանը տարիներ անց որեւէ կերպ չի մտաբերի, թե ինչպես պառլամենտարիզմ տեսավ:
Արմեն Սարգսյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերի Պետնախարարի հետ ուշագրավ է նաեւ այն ֆոնին, որ Հայաստանում առաջացրեց նրա այցը Մոսկվա՝ որտեղից Սարգսյանը սկսեց իր այսպես ասած սփյուռքյան հանդիպումները: Այդ մեկնակետը Հայաստանի շատ շրջանակներում ընկալվեց ՌԴ հանդեպ Հայաստանի իշխանության հայտնի մոտեցումների եւ դիրքավորման շրջանակում: Լոնդոնում Դանքընի հետ հանդիպումով Արմեն Սարգսյանը թերեւս փորձեց ցրել այդ տպավորությունը:

lragir.am

Please enter a valid URL