Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
Երկու օր առաջ այստեղ հրապարակային հայտնել էի, որ Hovhannes Shahinyanի վերաբերյալ քննվող քրեական վարույթով ստանձնել եմ պարոն Շահինյանի պաշտպանությունը: Տեղեկացրել էի նաև, որ այդ գործով ՀԿԳ ավագ քննիչին գտնելը դարձել է անհնարին գործ: Նաև նշել էի, որ կսպաես մինչև ապրիլի 24-ը, ժամը 12:00-ն և քննիչից լուր չստանալու դեպքում կդիմեմ Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին: Քիչ առաջ պաշտոնական էլեկտրոնային հարթակով գրություն ուղարկեցի գլխավոր դատախազին, որի բովանդակությունը հրապարակում եմ ստորև:
ՀՀ գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին
Տիկին Վարդապետյան
Իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով իրավաբանական խորհրդատվություն ստանալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Շահինյանը (այսուհետ նաև՝ Վստահորդ) հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման մեծ քանակությամբ ծառայողները ներխուժել են Վստահորդիս ծնողների բնակարան և հայտնել են, որ Վստահորդիս նկատմամբ քննիչի կողմից կայացվել է ձերբակալման որոշում և իրենք եկել են այդ որոշումը կատարելու: Ծառայողները տեղեկանալով, որ Վստահորդս գտնվում է արտասահմանյան գործուղման մեջ՝ հեռացել են: Որևէ լրացուցիչ տեղեկություն նրանք չեն հայտնել:
Այդ օրվանից արդեն անցել է 5 օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է կայացվել այդպիսի որոշում, քրեական օրենսգրքի որ հոդվածն է մեղսագրվում Վստահորդիս՝ Հովհաննես Շահինյանին: Ավելին, մինչ այս պահը պաշտոնապես տեղեկացված չեմ, թե ով է հանդիսանում նշված քրեական վարույթն իրականացնող քննիչը, մինչդեռ հենց նույն օրը, հոկտեմբերի 19-ին, պաշտոնական գրությամբ (հսկիչ համարը՝ ICCF-B1B5-8625-F5C6) դիմել եմ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի տեղեկացվեմ քննիչի տվյալների մասին:
Դրանից հետո սեփական նախաձեռնությամբ որոնողական գործառույթների շրջանակներում պարզել եմ, որ այդ քննիչը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանն է: Ճշտել եմ նաև ծառայողական հեռախոսահամարը, որին կատարածս զանգերին, սակայն, մինչ օրս պարոն Կարապետյանը չի պատասխանում: Ավելին, իմ կողմից վարվող տարբեր քրեական վարույթներով տարբեր քննիչների միջոցով ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանին եմ փոխանցել հեռախոսահամարս և խնդրել, որպեսզի վերջինս կապ հաստատի ինձ հետ: Այդ փորձերս նույնպես անցել են անարդյունք: Անցել է արդեն 5 օր և քննիչ Կարապետյանից որևէ տեղեկություն չունեմ:
Տիկին դատախազ,
Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հովհաննես Շահինյանը գործող քաղաքական իշխանության ամենակոշտ քննադատներից է, պարբերաբար հանդես է գալիս հրապարակային կոշտ քննադատություններով, հայտարարել է, որ մասնակցելու է Երևան քաղաքի Ավագանու սպասվող ընտրություններին՝ քննչականի այսպիսի գործելակերպը ինձ հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ նախաքննության մարմինը դիտավորյալ թաքնվում է փաստաբանից (պաշտպանից), որպեսզի ժամանակ շահի և կատարի անօրինական գործողություններ, օրինակ՝ Վստահորդիս նկատմամբ հայտարարի անօրինական հետախուզում դրանով ստեղծելով պատրանք, թե իբր վերջինս թաքնվում է քննությունից:
Բացի այդ, գտնում եմ, որ քննիչը սեփական նախաձեռնությամբ կամ հատուկ հանձնարարությամբ (վերջինին հակված եմ ավելի շատ հավատալու) նպատակ ունի Վստահորդիս ձերբակալելու ընթացքում ոչ իրավաչափ ֆիզիկական ուժի կիրառման հնարավորություն ստանալ, դրա հետևանքը տեսագրել և հետագայում այդ տեսագրությունը հանրայնացնել: Ավելի պարզ ասած՝ քննչական մարմինը հետապնդում է շոու կազմակերպելու նպատակ, որին հասնելու միջոցների միջև քննչականը, ցավոք, սահմաններ չի դնում:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հովհաննես Շահինյանն այս պահին գտնվում է արտասահմանյան գործուղման մեջ, նա Հայաստանի Հանրապետությունից մեկնել է ավելի վաղ, քան քննիչի կողմից ազատությունների սահմանափակման վերաբերյալ որոշում ընդունելն էր: Պարոն Շահինյանն ունի իր օրակարգը, իր աշխատանքային գրաֆիկին համապատասխան վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն:
Նա երբևէ չի թաքնվել քննությունից, պատրաստ է ներկայանալ քննչական մարմիններին: Հիմնավոր անհրաժեշտության դեպքում Վստահորդս պատրաստ է նաև վերադառնալ իր գրաֆիկից ավելի վաղ, սակայն դրա համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի ես հնարավորություն ունենամ ծանոթանալու Վստահորդիս նկատմամբ փաստացի իրականացվող քրեական հետապնդմանը, իսկ դրա համար, ինչպես գիտեք, անհրաժեշտ է գոնե ունենալ քննիչի հետ կապ հաստատելու հնարավորություն: Այդպիսի հնարավորությունից արհեստականորեն զրկումն ուղիղ խոչընդոտ է անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Այս պայմաններում վստահորեն կարող ենք պնդել, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ ձերբակալման ընթացքում ֆիզիկական ուժի ամենափոքր ներգործությունն անգամ կդիտվի խոշտանգում:
Վերոգրյալից ելնելով խնդում եմ ձեռնարկել հրատապ և անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հնարավորություն ունենամ օրենքով սահմանված կարգով պաշտպանելու Վստահորդիս իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես, ակնկալում եմ, որ Ձեր ներգործությամբ հանրավորություն կստեղծվի ամենասեղմ ժամկետում ներգրավվելու քրեական վարույթին: