Search
Close this search box.

Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է հետ ընդունել դերասանին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մեկնաբանել է Ջիգարխանյանի՝ օրերս կրկին հոսպիտալացվելու մասին լուրն ու հայտարարել, որ պատրաստ է հետ ընդունել նրան, փոխանցում է life.ru-ն:

Ջիգարխանյանի նախկին կինը նշել է, որ ինքը խնամել է դերասանին 2009 թվականից սկսած և լավ գիտի, թե ինչպես վարվել նման իրավիճակներում, սակայն ոչ ոք նրան թույլ չի տալիս միջամտել հարցին:

Ըստ նրա՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հետևանք է ոչ բավարար խնամքի և անփույթ վերաբերմունքի:

«Ո՞ւր էին նրա ընկերները, որոնք իբր միշտ նրա հետ էին», — ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:

Հարցազրույցում նա նշել է, որ պատրաստ է հաշտվել նախկին ամուսնու հետ և կրկին ապրել նրա հետ՝ պայմանով, որ նրա ընկերներից հեռու կլինեն: Դերասանի նախկին կինը նաև զարմանք է հայտնել, թե ինչու Ջիգարխանյանի համար չեն վարձում նրա խնամքով զբաղվող որևէ մեկին, մանավանդ որ դրա համար կան բավարար միջոցներ:

«Երբ մենք ամուսնալուծվում էինք՝ նա չքավոր չէր: Սակայն հայտնի չէ, թե ով է հիմա զբաղվում ֆինանսների տնօրինմամբ: Ես տեսնում եմ, որ նա վատ է, ես պատրաստ եմ նրան հետ ընդունել ու ապրել նրա հետ, սակայն առանց ընկերների, քանի որ մահճակալը տանը մեկ հատ է: Հուսով եմ, որ նա ուշքի կգա, քանի դեռ ուշ չէ», — ասել է Վիտալինան:

Հիշեցնենք, որ 82-ամյա Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:

Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:

Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:

Please enter a valid URL