Search
Close this search box.

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ին է նշվում, քանի որ 1915-ի այդ օրը Կ. Պոլսի հայ մտավորականությանը Հայդարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահվան:

Please enter a valid URL