Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը, որն այսօր 87 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ուրախ է իր արդյունքից, հուզված` երկրպագուների աջակցությունից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Այսպիսի մրցման ես դեռ չէի մասնակցել։ 24 տարի մեծ սպորտում եմ, նման ոգևորություն ես չէի տեսել հանդիսատեսի կողմից։ Ու շատ հուզված էի։ Վերջին մոտեցման ժամանակ ամեն ջանք գործադրեցի, որովհետև վնասվածք ունեի, որը զգացնել տվեց։ Շատ շնորհակալ եմ իմ ազգին, որ աջակցեց ինձ։ Իսկ այս մեդալը շատ բաղձալի էր ինձ համար։ Ճիշտ է` բրոնզ է, բայց ինձ համար սա ոսկի է։Ես խոստացել էի, որ վերադառնամ, անպայման կնչի մեր հիմնը։ Հիմնը չեղավ, բայց մեդալ եղավ։ Դրա համար շատ ուրախ եմ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Խուրշուդյանը նշեց, որ առայժմ պետք է մտածի վնասվածքի մասին։
«Հետո աշխարհի առաջնությունն է, կուզեմ այնտեղ էլ ուժերս փորձել, և երևի թե արդեն վերջ»,– ասաց մարզիկը։
Հարազատ պատերը օգնեցին. ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները` արդյունքների մասին
Լրագրողները հարց ուղղեցին նաև նրա որդուն` Աշոտին, որը դահլիճում հետևել էր մոր ելույթին` հետաքրքրվելով, թե ինչ զգացողություններ ունի։
«Ես շատ ուրախ եմ, որ նա չեմպիոն դարձավ»,– ասաց Աշոտը։
«Իմ տղայի համար ես չեմպիոն եմ»,– նրա խոսքը ծիծաղով ընդհատեց Հռիփսիմե Խուրշուդյանը։
Իսկ որդին ավելացրեց. «Կարևոր չէ` ոսկի է կամ արծաթ, ես իմ մայրիկին շատ եմ սիրում»։
Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր հրում վարժությունում առաջին մոտեցումով բարձրացնելով 120 կգ քաշը` ապահովեց բրոնզե մեդալը և՛ հրում վարժությունում, և՛ երկամարտում։ Ցավոք, երկրորդ մոտեցման ժամանակ նա չկարողացավ բարձրացնել 127 կգ, մկանային վնասվածք ստացավ ու հրաժարվեց երրորդ մոտեցումից։
Հիշեցնենք` Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց ծանրամարտում Հայաստանին բազմաթիվ տիտղոսներ պարգևելուց հետո 2016 թվականին սկանդալում հայտնվեց, երբ հրապարակվեցին 2012-ի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը: Հայ ծանրորդը մեղադրվեց դոպինգ օգտագործելու մեջ, իսկ նրա արդյունքը չեղյալ համարվեց: Խուրշուդյանը ստիպված էր օլիմպիական բրոնզը վերադարձնել Միջազգային օլիմպիական կոմիտեին:
Իսկ ամեն ինչ կրկին բորբոքվեց, երբ դոպինգի սկանդալներ գրանցվեցին նաև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում: Եվ WADA-ն (Հակադոպինգային միջազգային գործակալություն) նորից ստուգումներ անցկացրեց Լոնդոնում 2012 թվականին ու Պեկինում 2008 թվականին կայացած օլիմպիական խաղերի մասնակիցների համար: Ու ինչպես պարզվեց, ցավոք, Խուրշուդյանը զրկվելու էր ոչ միայն օլիմպիական, այլ նաև շատ այլ մեդալներից:
Նա մեծ սպորտ վերադարձավ 2022 թվականի հունիսին և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի 100-րդ հոբելյանական առաջնությունում 87 կգ քաշային կարգում երկամարտի 227 կգ-ով զբաղեցրեց հինգերորդ տեղը։