ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» Մասնավոր ռազմական ընկերությունում ծառայության համար։ Նիկոլայ Պեսկովն այդ մասին պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին։
«Որոշակի մարտական սխրանքի համար: Իմ ամբողջ անձնակազմն է սխրանք գործել։ Մենք հետաքրքիր առաջադրանք ունեինք։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա։
Պեսկով կրտսերի խոսքով` ինքը ստիպված է եղել դիմել հորը, որն իրեն օգնել է կապ հաստատել «Վագներ» խմբի հետ։
«Ես դա իմ պարտքը համարեցի։ Պարտավոր էի մասնակցել, պետք է օգնեի բոլորին, ովքեր այնտեղ էին։ Չէի կարող նստել անկյունում ու նայել` ինչպես են ընկերներս և մյուսները գնում այնտեղ»,– ասել է նա։
Պեսկովի որդին հավելել է, որ շարքային է եղել, չնայած որ պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ ստացել է ավագ սերժանտի կոչում։
Լրագրողն անդրադարձել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած դեպքին, երբ Նիկոլային զանգել էր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցը, ներկայացել որպես զինկոմիսարիատի աշխատակից և առաջարկել ներկայանալ։ Այն ժամանակ Դմիտրի Պեսկովի որդին ասել էր, որ հարցը լուծելու է այլ մակարդակում, ինչն էլ դարձել էր քաղաքական շահարկման թեմա։
«Գիտե՞ք` երբ զանգեցին, ես այդ ժամանակ արդեն պատրաստվում էի ծառայության մեկնելու։ Այդ պատճառով ես նյարդային էի ու ավել բաներ եմ ասել նրանց։ Բայց ոչինչ…»,– ասել է Նիկոլայ Պեսկովը։
Ավելի վաղ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տելեգրամյան ալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Դմիտրի Պեսկովը դիմել է իրեն` խնդրելով որդուն ծառայության վերցնել որպես սովորական հրետանավոր։