armeniatoday-ը գրում է․
Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահմանին, ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան:
Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն որո՞նք են դրանք և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է, ՀԱՊԿ-ը չի բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին ՍիվիլՆեթին ասել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը հանրապետությանը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։
Նա պարզաբանել է, որ խոսքը առաքելության շրջանակներում ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրից մեկ գնդապետ նշանակելու մասին է։ «Հայաստանը ներկայումս ամենուր զենք և զինամթերք է փնտրում։ Չի կարող այնպես լինել, որ Հայաստանին որևէ տեղ առաջարկեն օգնություն զենք-զինամթերքի տեսքով, և նա հրաժարվի դրանից»,- պարզաբանել է Գրիգորյանը։