Search
Close this search box.

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունն իր խորը մտահոգությունն է արտահայտում Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Գտնում ենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ներկայացրեց Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման և կայունացման մասին իր դիրքորոշումը, ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի ներկայիս իշխանությունների անզորությունը՝ կատարել իր ուղիղ պարտականությունը՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Միաժամանակ մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ:

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը երբևէ չի եղել և չի կարող լինել գործարքի կամ սակարկության առարկա, այն չի կարող ապահովվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և դրա կազմում Արցախի գոյության գնով:

Բաքվի ռեժիմի հետ նման հարմարվողականությունը, որն առաջին անգամ չէ, որ միջազգային նորմերի խախտմամբ դիմում է ուժի կիրառմանը՝ զրկելու արցախցիներին իրենց ազգային գոյությունից, զուտ գրգռում է Ալիևի ախրժակը, այդ թվում՝ Հայաստանի տարածքի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարի՝ Փաշինյանի հետ գրեթե զուգահեռ, արցախցիներին ուղղված ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն հարուցում, որ Լեռնային Ղարաբաղի համար նախապատրաստված է Արբեջանական ԽՍՀ կազմում երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանն իրականացրեց հայերի էթնիկ զտումներ, ավերվեցին և գետնին հավասարեցվեցին ոչ միայ հայկական պատմական հուշարձանները, այլև մեր նախնիների շիրիմները:

Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը:

Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ արցախցիների համար Ժողովուրդների ինքնորշման իրավունքն այլընտրանք չունի, ինչպես դա ամրագրվել է միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից:

Ետպատերազմյան իրավիճակը Հայաստանին պարտադրում է նախաձեռնել բոլոր հնարավոր միջոցները՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակության և անվտանգությանը մակարդակը, որը Հայաստանի և Արցախի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է: Քաղաքական մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների միջոցով այդ կարևորագուն նպատակներին հասնելու փորձերն ապարդյուն են և արժանի են հասարակական դատապարտման: Հասարակական արհամարհանքի և դատապարտման են արժանի նաև բիզնես էլիտաների այն ներկայացուցիչները, ովքեր թաքնված, ցինիզմով սպասում են «փաշինյանաալիևյան գործարքի» ավարտին, որպեսզի հետագայում, մեր ժողովրդի հազատության և անկախության համար տասնյակ հազարավոր զոհերին մոռացության տալով, սկսեն կառուցել իբր բարգավաճող Հայաստան, կարծես՝ ոչինչ էլ չի պատահել:

Համարում ենք, որ Հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը պետք է դառնա բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը: Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր ներդրումն անել այդ գործընթացում, որը ողջ հայության համար օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Please enter a valid URL