Search
Close this search box.

Կառավարությունն այսօր բաց տեքստով կոչ է անում համակերպվել Արարատի կորստի հետ. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը, կառավարությունն այսօր բաց տեքստով կոչ է անում համակերպվել Արարատի կորստի հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացական Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 18-ի ելույթին:

«Իր միտքն առավել հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե «Արագածի նկարները տանը կախված չեն, Արագածի համար ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ կգտնեն, քան Արարատի»: Գիտե՞ք, կառավարությունը, իշխող քաղաքական ուժը, հասարակությանը փորձում է տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝ «հներ-նորեր», «սևեր-սպիտակներ», բայց որ սարերն են փորձում իրար հակադրել, այդ դա արդեն նորություն էր: Ինչո՞ւ է կառավարւթյունը կոչ անում փոխել սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչո՞ւ է կոչ անում սիրել Արագածը, Արագածի նկարը սենյակներում կախել:

Պարոն Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, Արարատի նկարներ ենք կախում ոչ թե որ Արարատը շատ գեղեցիկ լեռ է, ոչ միայն այդ պատճառով, որովհետև Ջոմոլունգման, Մոմբլանը և Կիլիմանջարոն էլ գեղեցիկ լեռներ են, այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում ենք հայկական: Եվ ինչ-որ մի տեղ հոգու խորքում հույս ունենք, որ կվերադառնանք Արարատ լեռը։ Բայց կառավարությունն այսօր բաց տեքստով կոչ է անում համակերպվել կորստի հետ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Please enter a valid URL