Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ Կառավարության շենքից՝ առանց Ազատ գյուղի կացարանում զոհված զինվորների հարազատներին հանդիպելու, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջեւ։
«Հիմա մենք դեռ տեղեկություն չունենք՝ հանդիպում լինելու է, թե՝ ոչ։ Վիրավորական է, որ վարչապետը եւ պաշտպանության նախարարը հրաժարվում են հանդիպել ծնողներին։ Սա խոսում է պետություն-հասարակություն կապի ճգնաժամի մասին։ Իրենք անպայման պետք է գան եւ տան ծնողների հարցերի պատասխանները»,- ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։
Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։