Search
Close this search box.

Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ Տաթև Հակոբյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 107 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել: Հրում վարժությունում Հակոբյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 118, երկրորդ մոտեցմամբ՝ 122 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումը՝ 126 կգ, ցավոք, ձախողել է: Այս վարժությունում Տաթև Հակոբյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 121 կգ կշռող ծանրաձողը:

Այս քաշային խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Լավագույն եռյակը եզրափակել է լատվիացի Դանիելա Իվանովան՝ երկամարտի 222 կգ արդյունքով:

Please enter a valid URL