Search
Close this search box.

«Հրապարակ». Ձերբակալությունից հետո նրան 3-4 ժամ պահել են ձեռնաշղթաներով. Բերման ենթարկեք, բայց մարդուն մի նվաստացրեք

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանում ոստիկանության համակարգում բարեփոխումները ոչ մի կերպ չեն կայանում։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նորօրյա ոստիկանները կամաց դուրս գալիս վերահսկողությունից․ ընդամենը 2 ամիս առաջ տեղեկացանք, որ ոստիկանությունում փաստաբանների են ծեծել, ինչն անգամ 90-ականների անցումային ժամանակներում չէին անում։ Բայց առավել վտանգավոր դրսեւորումներ էլ կան՝ տեսնում ենք, թե ինչպես են վայրենի ձեւերով, բռնություն գործադրելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների են նման կերպ բերման ենթարկում եւ արժանապատվությունը նվաստացնում։ Մեզ լուրեր են հասնում նաեւ քննչական «բեսպրեդելի», նախաքննության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու դեպքերի մասին։ Քննչական ու ոստիկանական ստորաբաժանումներում մարդուն խմելու ջրից եւ բնական կարիքները հոգալու իրավունքից զրկելն է սովորական բան դարձել, կարելի է ասել՝ քննիչի ու հետաքննիչի կոդեքսի մաս։ Նման գործելակերպի համար ոստիկաններն ու պարեկները չեն պատժվում, ինչը նրանց նոր սխրանքների է դրդում։ 

«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը երկու օր է՝ կալանքի տակ է։ Նրա փաստաբանները լուր չունեն նրանից։ Կալանքի քննության ժամանակ՝ դատարանում, Արտակ Գալստյանը հայտարարել է, որ ձերբակալությունից հետո նրան 3-4 ժամ պահել են ձեռնաշղթաներով, թույլ չեն տվել օգտվել զուգարանից եւ ջուր խմել՝ ասելով, թե ջուր չկա։ Դատարանն իրավունքի խախտման մասին հայտարարությունները չի արձանագրել։ Հիշեցնենք․ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն ապրիլի 12-ին կալանավորվել է: Նրան եւ կուսակցության պատվավոր նախագահ, արտերկրում գտնվող Վարդան Ղուկասյանին՝ «Դոգ» մականունով, մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար, 46 դրվագով։ Գործով եւս  մեկ կալանավորված անձ կա՝ Արման Մկրտումյանը։ Հանցագործության մասին հաղորդումները տվել են գործարար Տիգրան Արզաքանցյանը եւ «Դիվա» գիշերային ակումբի ղեկավարը՝  հայտնելով, որ իրենցից ահռելի գումարներ են պահանջել՝ «Հանրային ձայն» հաղորդման ընթացքում վարկաբեկող տեղեկություններ չհրապարակելու դիմաց։ Դոգն էլ եթերով հայտարարել է, որ դրանք հերյուրանք են։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե մեղադրանքի 46 դրվագները, որոնց մասին նշել է Քննչական կոմիտեն, նույն մարդկանց՝ Արզաքանցյանի եւ «Դիվա» ակումբի հաղորդումների՞ն են վերաբերում, թե՞ 46 տարբեր մարդկանց նկատմամբ են կատարվել, եւ նրանք են դիմել իրավապահներին։ «46 դրվագները վերաբերում են տարբեր անձանց, բնականաբար։ Դրանցով դեռ քննություն է արվում, ու վերջնական իրավական գնահատականներ դեռեւս տրված չեն»,- հայտնեց ՔԿ խոսնակը։

Արտակ Գալստյանի հարազատները չեն կարողանում փաստաբաններ ներգրավել, որոնք կներկայացնեն Արտակ Գալստյանի շահերը։ Փաստաբաններից մեկը «Լեւ գրուպ» գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանն է։ Նա ահազանգում է, որ արդեն երկրորդ օրն է՝ քննիչն անգործություն է դրսեւորում։ ««Հանրային ձայն» կուսակցության գրասենյակի փաստաբանները գտնվում են համապատասխան քննչական մարմնում եւ ոչ միայն ընդունելության չեն արժանանում, այլեւ շփվում են քննիչի հետ բացառապես ոստիկանի միջոցով։ Նա զանգերին չի արձագանքում։ Ասում են, որ Արտակ Գալստյանի մերձավորի դիմումին` փաստաբան ներգրավելու վերաբերյալ, կպատասխանեն գրավոր»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը։ Սա փաստաբանին հիմք է տալիս ենթադրելու, որ վարույթն իրականացնող քննիչը համապատասխան ցուցումի է սպասում։ «Ավելին, կա գործով ներգրավված երկրորդ մեղադրյալ՝ Արման Մկրտումյանը, որն ընդհանրապես փաստաբան չունի։ Նրան դատարանի որոշմամբ երկու ամսով կալանք է տրված։ Որոշումը պետք է բողոքարկվի, բայց անգամ չգիտենք, թե ով է Արմանի գործով քննիչը, ինչի վերաբերյալ եւս դիմում ենք ներկայացրել»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը։ 

Փաստաբանը նաեւ արձանագրում է՝ Հայաստանի պատմության մեջ, 90-ականներից սկսած, պետական լիազոր մարմինների կողմից տարբեր ապօրինություններ են թույլ տրվել, տարատեսակ, տարբեր ձեւերի, որոնց վերաբերյալ հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր գնահատականը տվել է։ «Բայց փաստաբանին չներգրավելը գործի մեջ, ձգձգելով՝ նման բան պրակտիկայում չի եղել»։ Երեկ այս խախտումների մասին Լեւոն Բաղդասարյանն իրազեկել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն երեկվա դրությամբ ՄԻՊ գրասենյակից նորություն չուներ։ Փաստաբանը զգուշացնում է՝ այս գործելաոճը չի բխում արդարադատության շահից, անկախ նրանից՝ անձը կատարել է հանցագործություն, թե ոչ, նա պետք է ունենա պաշտպան, որ արժանապատիվ ձեւով պաշտպանի իր իրավունքները։ «Արտակ Գալստյանի եւ Արման Մկրտումյանի հանդեպ իրականացվում է տոտալ խոշտանգում»,- հայտարարում է Լեւոն Բաղդասարյանը։

Please enter a valid URL