ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր հայտարարությունները Արցախում սովորաբար սխալ են հասկանում, և չի բացառվում, որ ապրիլի 18-ի հայտարարությունն էլ են սխալ հասկացել։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը։
Երեկ Արցախի ԱԺ խմբակցություններն ասել էին, որ անընդունելի են համարում Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի` Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով։ Ըստ Արցախի ԱԺ խմբակցությունների` ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից։
«Ես Արցախի Ազգային ժողովի կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Իմ կարծիքով` մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են։ Փաստարկների դաշտում ի՞նչ հակափաստարկ է հնչել. ես ասում եմ` եկեք գնահատականները թողնենք մի կողմ և բովանդակության մեջ խորանանք, տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը: Ես նորից ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ ցանկալի իրականություն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Փաշինյանը հավելեց, որ իրականության հետ չառերեսվելով` նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները։ Ուստի, նրա խոսքով, պետք է այս իրադրության հետ առերեսվել: