Սյունիքի մարզի Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Այսինքն` և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այդտեղով։ Իսկ սա նշանակում է, որ հայաստանցի և ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երկու կողմերի սահմանապահներն իրար հետ աշխատել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա։ Ըստ նրա` փորձը ցույց է տալիս` երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, որոշակի արդյունքներ լինում են։
Փաշինյանը հավելեց, որ հայկական կողմը հույս ունի` պրոբլեմատիկ 3.6 կիլոմետրանով հատվածն էլ կճշգրտվի, սակայն մինչև դա տեղի չունենա, չեն կարող ասել, թե դա տեղի է ունեցել։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: