Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները, ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են զարհուրելի դեպք, գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչ Կ.Հ.-ն այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ: Պարզվել է նաեւ, որ նա իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ, նրա կամքը անտեսելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ:
Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, որը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Կ.Հ.-ն ձերբակալվել է: