2018 թվականին մեծ հնարավորություն կար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ և նրա բարձր լեգիտիմությամբ արցախյան հիմնահարցը խաղաղ լուծելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր՝ թող Վարդան Օսկանյանը հրապարակի, թե 2018-19 թվականներին ինչ խորհուրդ էր տալու իրեն։
«Ասելու էի՝ պարո՛ն վարչապետ, Դուք ունեք շատ լեգիտիմություն, 80 տոկոսով ընտրվել եք երկրի վարչապետ։ Սեղանին կա նման փաստաթուղթ։ Մի՛ արհամարհեք։ Ձեր զրոյական կետից մի՛ սկսեք։ Դա իր մեջ վտանգներ է պարունակում։ Ես գիտեմ՝ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, ես գիտեմ՝ Ադրբեջանի համար որն է ընդունելին։ Ես նրան խորհուրդ էի տալու, որ գնար երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել հինգ տարածքները՝ փաստաթղթի ստորագրման դեպքում, և բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվեն երեքից հինգ տարվա ընթացքում։ Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքն ի վիճակի է խաղաղ գոյատևելու իր հարևանի՝ Հայաստանի հետ։ Բոլոր մյուս երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահ ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, այդ բոլորը ուժի մեջ պետք է մտնեին»,-ասում է Օսկանյանը։
Նա համոզված է, որ եթե այդ օրերին՝ 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը գնար այդ ճանապարհով, այսօր կլիներ ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ։
«Նիկոլ Փաշինյանը, ունենալով այդ մեծ լեգիտիմությունը, մեր ժողովրդի աչքին կարող էր նայել և ասել, որ տալիս ենք այդ տարածքները, բայց բերում ենք իսկական խաղաղություն»,-ասում է Օսկանյանը։
Նա նշում է, որ իր խորհուդը Փաշինյանին դա էր լինելու։ Նախկին նախարարը նաև համոզված է, որ եթե Փաշինյանը գնար իր նշած ճանապարհով, բոլոր երեք նախագահները կկանգնեին նրա կողքին։
Օսկանյանը հայտնեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է նաև 44–օրյա պատերազմից հետո և նոր ստեղծված իրավիճակում որոշ առաջարկներ արել։
«Ես այդ մասին նախկինում չեմ խոսել, առաջին անգամ եմ խոսում։ Հետպատերազմյան ստեղծված իրավիճակում ներկայացրել եմ մի քանի առաջարկներ, դրանք գրի եմ առել թղթի վրա և տվել Փաշինյանին։ Նա կարդաց դրանք, շնորհակալություն հայտնեց, մենք խոսեցինք։ Ինչո՞ւ եմ ես հիմա խոսում դրա մասին: Որպեսզի բոլորը համոզվեն` ես երբեք որևէ բան շահարկելու մտադրություն չեմ ունեցել»,- նշում է Օսկանյանը։
Ըստ նրա` այսօր ստեղծված իրավիճակում էլ խոսակցությունները, թե այլընտրանք չկա նրան, ինչ Փաշինյանն ուզում է անել, միֆ է։ Նա հավաստիացնում է, որ առանց պատերազմի հնարավոր է Արցախը պահել ամբողջական և հայկական։
«Ես պատրաստ եմ հանդիպել այդ հարցով, եթե Փաշինյանը ցանկանա խոսել այդ մասին»,-հավելում է Օսկանյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ քննադատել էր Օսկանյանին՝ նրան մեղադրելով Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններում շիլաշփոթ ստեղծելու մեջ: