Search
Close this search box.

Փաշինյանն ասաց՝ երբ կասի, թե որն է եղել հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառը

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում 2020-ի հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառի մասին խոսելու մտադրությանը, Փաշնյանը նշեց՝ մենք պայմանավորվել ենք, նաև պարտավորվել ենք, որ ես պետք է քննիչ հանձնաժողովում լսվեմ:

«Ես հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցնում եմ՝ ընդդիմությունը գալո՞ւ է: Ինքն ասում է՝ չգիտի, հնարավոր է՝ չգա: Ասում եմ՝ լավ, եկանք: Մարդիկ կասեն՝ գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք իրենցով նստեցին, խոսեցին, ջան ասեցին, ջան լսեցին, թողեցին, գնացին»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ քննարկում է, որ տարբերակ գտնեն հանձնաժողովում իր հարցաքննությունը հրապարակային անցկացնելու համար:

«Այստեղ ԱԳՆ-ն իր խնդիրներն է բարձրացնում, ՆԳՆ-ն՝ իր և այլն: Ես հիմա մտածում եմ՝ եկա, քննիչ հանձնաժողովում խոսեցի, այդ խոսածը «հույժ գաղտնի» կնիքով կնքեցին, դրեցինք «սեյֆը», ընդդիմությունը բոյկոտելու է, մարդիկ ասելու են՝ էլի ծածկադմփոց արեցին, իրար մեջ խոսեցին»,- ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց նաև այն խոսակցությունը, թե հոկտեմբերի 19-ին վարչապետը հնարավորություն է ունեցել կանգնեցնել պատերազմը, իսկ Շուշի քաղաքն այդ ժամանակ դեռ Արցախի վերահսկողության տակ էր:

«Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե ես ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ: Եվ ես այն ժամանակ ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքում դեկտեմբերից ստեղծված վիճակը: Ասել եմ՝ այդ բաները, որ դուք առաջարկում եք, այդ պարագայում կարող է այսպիսի գործողություն լինի: Բայց այդ օրը որևէ թուղթ չստորագրելու վերջնական պատճառը դա չի եղել: Ես քննիչ հանձնաժողովում կասեմ, թե նաև որն է եղել դրա պատճառը, և ես հույս ունեմ, որ կգանք այն եզրակացության, որ դա պետք է հրապարակային ասեմ»,- ասաց Փաշինյանը:

Please enter a valid URL