«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր տեղեկությունը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի սահմանն ապօրինի կերպով հատած ադրբեջանցի զինվորականներից մեկը։
«Գուցե որոշակի գործընթացներ են պետք Քննչական կոմիտեին դա հաստատելու համար։ Ես ունեմ շատ հստակ ինֆորմացիա։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական անձի է սպանել, ո՞նց կարող է պատահի՝ իրեն մեղադրանք չառաջադրի»,- նշեց Ղահրամանյանը։
Ի՞նչ է սպասվում ադրբեջանցի զինծառայողներին, հնարավո՞ր է նրան արտահանձնեն կամ փոխարինեն հայ գերիների հետ, Ղահրամանյանն ասաց՝ այս պահին չի կարող ասել, միայն վստահ է՝ սպանություն գործած ադրբեջանցին պետք է դատարպարտվի։
«Հաստատում եմ, որ ադրբեջանցին է սպանել։ Ապացույցներ չկան, ուրեմն՝ կլինեն, Դատախազության թերացումն է, եթե ապացույց չկա»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։