Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանը չի պատժի Արթուր Հովհաննիսյանին. լեզու եւ ականջ կտրելու սպառնալիքը հանցանք չէ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ցուցաբերած պահվածքը, որը ուղեկցվում էր սպառնալիքներով, խուլիգանական վարքագծով, կներվի:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել,
ասել է թե՝ քաղաքական որոշումը կայացված է, իրավապահները պետք է հիմնավորեն դա:

Ինչպես հայտնի է, այդ օրը ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերեց ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլեւ խուլիգանական պահվածքով սպառնաց կտրել Ղազարյանի ականջներն ու լեզուն: Նա նաեւ հայտարարեց, որ հանձնաժողովի նիստը խանգարում է, ինչը կարող են ներկաները արձանագրել: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված նամակը՝ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից, ըստ էության, մերժվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը հասցեագրվել էր ՀՀ քննչական կոմիտեին: Երեկ հետքրքրվեցինք կոմիտեից, թե ինչ են արել Թովմասյանի գրության հետքերով, հարուցվել է կամ կհարուցվի արդյոք քրեական գործ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն է կազմվել այդ նիստի ընթացքում հնչած արտահայտությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայության պատճառով»:

Պարզեցինք, որ խուլիգանական վարքագիծ դրսեւորած Արթուր Հովհաննիսյանն ինքն էլ է իրավապահներին գրություն ուղարկել՝ պահանջելով քրգործ հարուցել այդ օրը կատարվածի առիթով, միայն թե պարզ չէ՝ Հովհաննիսյանն ում է մեղադրում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL