ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման վերաբերյալ։
Մասնավորապես՝ նշվում էր, որ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։
Բանն այն է, որ 2022թ. մարտի 23-ին Արտակ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53 միլիոն 806 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 110 հազար ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ. Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վարդան Ղուկասյանն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՔԿ հաղորդագրության մեջ նշված Տ. Ա.-ն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն է:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նաև ինքը Արզաքանցյանը:
«Ով ում հանդեպ անօրինական գործողություններ է կատարում ու սպառնում է և այդ կերպ փորձում գումար շորթել, մարդու անվան հետ խաղալ, վարկաբեկել մարդկանց, պետք է բոլորով օրենքի դեմ պատասխան տան»,- ասաց Արզաքանցյանը:
ՔԿ ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ: