Հայաստանի տարածքը շատ է նման Մարսի հրաբխային մակերեսին, այդ իսկ պատճառով մեր երկիրն է ընտրվել Կարմիր մոլորակի անալոգային հետազոտություններն անցկացնելու վայր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի համակարգող Էլիտա Բաբայանը և միջազգային կապերի զարգացման գծով համակարգող Աննա Ալավերդյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այստեղ 2024 թվականի մարտին Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի։ Մարսի վրա առաջին մարդկանց ապագա վայրէջքից առաջ սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ կանցնեն Երկիր մոլորակի վրա:
Հայաստանում Մարսի սիմուլյացիայի անցկացման մասին պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի ապրիլի 17-21-ը Երևանում կայանալիք «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» (INNO Armenia-2023) միջոցառման ընթացքում: Միջոցառման շրջանակում կքննարկվեն հարցեր, թե ինչ նորամուծություններ կան երկրում, ինչպես է զարգանում գիտությունը, ինչ հեռանկարներ ունի, ինչպես նաև ինչ խնդիրներ կան ոլորտում:
«Ապրիլի 17-ին Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ պայմանագիր կստորագրվի հենց հաջորդ տարի մարսյան ծրագրի իրականացման վերաբերյալ։ Կանցկացվի երկու պանելային քննարկում. առաջինը նվիրված կլինի ընդհանուր առմամբ տիեզերքին, իսկ երկրորդը՝ Հայաստանում գիտական գյուտերի առևտրայնացմանը», – ասաց Ալավերդյանը:
Բաբայանի խոսքով՝ մարսյան առաքելությանը կմասնակցեն շուրջ 250 գիտնականներ՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի:
«Սա գլոբալ նախագիծ է, և ուրախալի է, որ Հայաստանը դրա մի մասը կդառնա», – ասաց Բաբայանը: