Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու կապակցությամբ։
«Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան խստորեն դատապարտում է ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ տղամարդն այրել էր Ադրբեջանի դրոշը։ EWF-ն այս չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ:
EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար:
EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։
Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։ Մենք անմիջականորեն ներգրավված էինք պատվիրակության՝ Հայաստանից մեկնելուց առաջ անվտանգության բոլոր պայմանների ապահովման գործում։
EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։
EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»,-ասված է հաղորդագրությունում։