Երեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կրակոցների հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է հանքի աշխատանքը:
«Գիշերը, ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է եղել, սակայն առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի հետևանքով որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- հայտնեց նա:
Նա նշեց՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը մնում է դադարեցված:
Գրիգորյանի խոսքով՝ աշխատակիցների շրջանում տուժածներ և վիրավորներ չկան, տեխնիկան չի տուժել: